Խաղի հոգեբանություն և խաղաթերապիա

Երեխայի զարգացման գործում հսկայական է խաղի առաջատար գործունեության դերը: Խաղի ծագման, էության, երեխաների կյանքում նրա տեղի և նշանակության, առավել արդյունավետ օգտագործման և այլ շատ ուրիշ հարցեր` կապված խաղի հիմնահարցի հետ, հետաքրքրել ու շարունակում են հետաքրքրել փիլիսոփաներին, պատմաբաններին, հոգեբաններին, մանկավարժներին:

Դեռ անցյալ դարի կեսերին Ուշինսկին խաղի նշանակության մասին արտահայտեց այնպիսի մտքեր, որոնք չեն կորցրել իրենց արժեքն այսօր: Նա գտնում էր, որ խաղը թույլ է տալիս տեսնելու ու ճանաչելու երեխաների հոգին, այն նպաստում է մանուկների դաստիարակությանն ու զարգացմանը: Խաղի մեջ երեխան փորձում է իր ուժերը, դառնում ինքնուրույն: Այստեղ երեխան յուրահատուկ ձևով վերարտադրում է այն, ինչը տեսնում է շրջապատում: Ուշինսկին խաղը դիտում է որպես երևակայության դրսևորման միջոց [К.Д.Ушинский. 1868:]:

Խաղերի և խաղային գործունեության սոցիալական բնույթը պայմանավորված է նրանով, որ երեխան ապրում է հասարակության մեջ, որի ակտիվ անդամն է հանդիսանում նա:

Կյանքի առաջին ամիսներից փոքրիկը ձգտում է շփման մեջ մտնել շրջապատողների հետ (աշխուժացման բարդույթը): Աստիճանաբար երեխան սկսում է տիրապետել խոսքին` շփման և հասարակական փորձի յուրացման հզոր միջոցին: Նա շատ է ցանկանում լինել մեծերի կյանքի ակտիվ մասնակիցը, սակայն այդ ձգտումը չի համապատասխանում երեխաների հնարավորություններին: Եվ ահա խաղի մեջ, ընդօրինակելով մեծերի հասկանալի ուրախություններն ու տխրությունները, երեխան նման յուրօրինակ ճանապարհով շրջապատող կյանքի մասնակիցն է դառնում:

Խաղը դիտվում է որպես մանկության պարտադիր ուղեկից, որն ի հայտ է գալիս որոշակի տարիքային փուլում:

Ներկայումս կուտակված են բավականին շատ փաստեր, համաձայն որոնց երեխաների խաղն իր ծագումով սոցիալական է, հետևաբար սոցիալական է նաև իր բովանդակությամբ: Ուստի խաղը ժառանգաբար ֆիքսված վարքի բնազդային ձև չէ, նրա ծագումը կապված է հասարակության մեջ երեխաների կյանքի կոնկրետ պայմանների հետ:

Оставьте комментарий